Երբ երեխան ծնվում է, նա դեռևս չի ունենում գիշեր-ցերեկվա զգացողությունը։ Նրանք քնում են շուրջօրյա, և քանի որ նրանց ստամոքսը բավականաչափ կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ չի կարողանում պահել, որպեսզի նրանք երկար ժամանակ կուշտ մնան, նրանք հաճախ են արթնանում ուտելու համար՝ անկախ նրանից թե օրվա որ ժամն է։

Նորածինների քնի ձևերն ու վարքագիծը

Լացն այն միջոցն է, որով երեխաները շփվում են մեզ հետ: Իրենց կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում նորածինները շատ են լաց լինում, քանի որ նրանք մեր օգնության կարիքն ունեն կերակրելու, փոխվելու կամ հանգստանալու համար, որպեսզի կարողանան նորից քնել: Չնայած թվում է, որ նրանք շատ ժամանակ են ծախսում քնելու վրա, նրանք դեռևս չունեն հաստատված քնի-արթնանալու ռիթմեր, ինչպես մենք: Այս առաջին երեք ամիսները կարևոր են, որ մենք և մեր երեխան սկսենք սովորել և հասկանալ միմյանց:

Երբեմն նորածին երեխաները լաց են լինում առանց որևէ ակնհայտ պատճառի՝ չնայած նրան, որ մենք օգնել ենք նրանց հանգստանալ: Սա նորմալ է, քանի դեռ մեր երեխան աճում է, քաշ է հավաքում և այլ պահերի երջանիկ է։ Այնուամենայնիվ, եթե մեզ անհանգստացնում է մեր նորածնի լացը, անպայման պետք է խոսենք մեր մոր և մանկան առողջության պահպանման բուժքրոջ կամ բժշկի հետ:

Ինչքա՞ն պետք է քնի նորածինը

Ըստ Ազգային Քնի Հիմնադրամի՝ նորածինները 24 ժամվա ընթացքում քնում են 14-17 ժամ։ Որոշ նորածիններ կարող են քնել օրական մինչև 18-19 ժամ։ Նորածիններն արթնանում են մի քանի ժամը մեկ՝ ուտելու համար։ Կրծքով կերակրվող երեխաները հաճախ են ուտում, մոտավորապես 2-3 ժամը մեկ։ Շշով կերակրվող երեխաները հակված են ավելի քիչ ուտել, մոտավորապես 3-4 ժամը մեկ։ 

Նորածիններին, ովքեր ավելի երկար են քնում, պետք է արթնացնել կերակրման համար։ Ամեն 3-4 ժամը մեկ պետք է արթնացնել երեխային ուտելու համար, մինչև նա ցույց տա քաշի ավելացում, որը սովորաբար տեղի է ունենում առաջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Դրանից հետո նորմալ է, որ թույլ տանք երեխային գիշերը երկար քնել։ 

Երեխայի կյանքի առաջին ամիսները կարող են ամենադժվարը լինել ծնողների համար, ովքեր կարող են գիշերը մի քանի անգամ արթնանալ՝ երեխային խնամելու համար։ Յուրաքանչյուր երեխա ունի քնի տարբեր ռեժիմ։ Որոշ երեխաներ սկսում են քնել «ամբողջ գիշեր» (միանգամից 5–6 ժամ) 2-3 ամսականում, բայց ոմանք՝ ոչ։

Նորածնի քնի ցիկլերը

Մենք բոլորս ունենք քնի ցիկլեր: Դրանք փոխվում են, երբ մենք զարգանում և մեծանում ենք:

Նորածինները քնում են կարճ ժամանակով, որոնք հայտնի են որպես քնի ցիկլեր: Քնի ցիկլերը սովորաբար տևում են 20-50 րոպե:

Քնի ցիկլերը բաղկացած են ակտիվ քնից և հանգիստ քնից: Ակտիվ քնի ժամանակ նորածինը կարող է շարժվել, հառաչել, բացել աչքերը, լաց լինել կամ աղմկոտ ու անկանոն շնչել։ Հանգիստ քնի ժամանակ նրանք համեմատաբար անշարժ պառկում են, իսկ շնչառությունն ավելի հանգիստ է լինում։

Նորածինների համար սովորական քնի ցիկլերի մի մասն է կազմում քնի ցիկլերի միջև ընկած ժամանակահատվածում արթնանալը: Երբ նրանք մեծանան, նրանք կսովորեն իրենք իրենց հանգստացնել և նորից քնել:

Ինչպե՞ս պետք է քնեն երեխաները

Երեխայի կյանքի առաջին շաբաթների ընթացքում որոշ ծնողներ նախընտրում են երեխայի հետ քնել նույն սենյակում (հաճախ կոչվում է նաև «սենյակը կիսել»)։ «Սենյակը կիսելն» այն է, երբ մենք մեր երեխայի օրորոցը, շարժական օրորոցը կամ բասինետը դնում ենք մեր սեփական ննջասենյակում՝ առանձին սենյակի փոխարեն։ Սա երեխային հնարավորություն է տալիս մեզ մոտ լինել և ավելի է հեշտացնում կերակրելու, հանգստացնելու և գիշերը վերահսկելու գործընթացը։ 

Թեև սենյակը «սենյակը կիսելն» անվտանգ է, երեխային մեզ հետ անկողնում քնացնելն ամենևին էլ անվտանգ չէ։ Նույն անկողնում քնելը շատացնում է SIDS-ի (անսպասելի մանկական մահվան համախտանիշ) և քնի հետ կապված այլ մահերի վտանգը։

Հետևեք հետևյալ առաջարկություններին՝ փոքրիկի համար անվտանգ քնի միջավայրի համար.

  • Երեխային միշտ մեջքի վրա դրեք քնելու, ոչ թե ստամոքսի կամ կողքի վրա: SIDS-ի մակարդակը զգալիորեն նվազել է այն պահից, երբ Ամերիկյան Մանկաբուժության Ակադեմիան սկսեց սա առաջարկել 1992 թվականին:
  • Օգտագործեք հարթ, ամուր ներքնակ։ Ծածկեք ներքնակը ամուր տեղավորվող սավանով:
  • Ուրիշ որևէ բան մի դրեք օրորոցի կամ բասինետի մեջ։ Ձեր երեխայի քնելու տարածքից հեռու պահեք փափուկ խաղալիքները, բարձերը, վերմակները, ծածկոցները։
  • Գերտաքացումից խուսափելու համար երեխային հագցրեք սենյակային ջերմաստիճանին համապատասխան և շատ մի փաթաթեք նրան։ Մի ծածկեք երեխայի գլուխը, երբ նա քնած է։ Հետևեք գերտաքացման նշաններին, ինչպիսիք են քրտնարտադրությունը կամ երեխային շոշափելիս տաքություն զգալը։
  • Երեխային հեռու պահեք ծխող մարդկանցից։ Ծուխը շնչելը մեծացնում է SIDS-ի վտանգը։
  • Թույլ մի տվեք երեխային քնել այնպիսի ապրանքների վրա, որոնք հատուկ նախատեսված չեն երեխաների քնի համար, ինչպիսիք են նստելու համար նախատեսված սարքերը (օրինակ՝ մեքենայի քարսիթը), կերակրման համար նախատեսված բարձը և այլն:

Ինչպես օգնել նորածնին քնել

Նորածինները հետևում են իրենց սեփական գրաֆիկին։ Հաջորդ մի քանի շաբաթից մինչև ամիսների ընթացքում դուք և ձեր երեխան կսկսեք կարգավորել առօրյան։

Երեխայի ուղեղի համար կարող է մի քանի շաբաթ տևել՝ իմանալու ցերեկվա և գիշերվա տարբերությունը։ Ցավոք սրտի, դա արագացնելու հնարքներ չկան, բայց գիշերային կերակրման և տակդիրի փոխման ժամանակ խորհուրդ է տրվում այդ ամենն անել լուռ և շատ հանգիստ։ Փորձեք օգտագործել շատ թույլ լույս և դիմակայել երեխայի հետ խոսելու կամ խաղալու ցանկությանը։ Սա երեխային կօգնի հասկանալ, որ գիշերը քնելու համար է։ Եթե հնարավոր է, թողեք, որ ձեր երեխան գիշերը քնի օրորոցում, որպեսզի ձեր փոքրիկն իմանա, որ դա է իր քնելու տեղը։

Մի փորձեք ցերեկային ժամերին ձեր երեխային արթուն պահել՝ հույս ունենալով, որ ձեր փոքրիկը գիշերը ավելի լավ կքնի: Չափից շատ հոգնած նորածինները հաճախ ավելի շատ դժվարություններ են ունենում գիշերային քնի ժամանակ, քան նրանք, ովքեր օրվա ընթացքում բավականաչափ քնում են: Եթե ձեր նորածինը շատ անհանգիստ է, ապա նորմալ է նրան օրորել, գրկել, երգել, որպեսզի երեխան հանգստանա։ Թեթև կտորով բարուրելը նույնպես կարող է օգնել հանգստացնել լացող երեխային։ Եթե ​​դուք բարուրում եք ձեր երեխային, և նա սկսում է փորձել շրջվել, դա նշան է, որ դուք կարող եք դադարեցնել բարուրելը: Ձեր փոքրիկի կյանքի առաջին ամիսներին նրան «երես տալը» հաստատ խնդիր չէ։ Իրականում, նորածիններն, որոնց օրվա ընթացքում ավելի շատ են գրկում և արձագանքում, հակված են ավելի քիչ կոլիկ և հոգնածություն ունենալ։

Ե՞րբ պետք է զանգահարել բժշկին

Թեև ծնողներից շատերը կարող են ակնկալել, որ իրենց նորածինը օրվա ընթացքում շատ է քնում, նորմալ քնի շրջանակը բավականին լայն է: Եթե ​​ձեր երեխայի քնի հետ կապված հարցեր ունեք, անպայման խոսեք ձեր բժշկի հետ:

Leave a comment