
Որպես ծնող՝ մենք անընդհատ պետք է որոշումներ կայացնենք երեխային մեծացնելիս։ Այդ որոշումներից մեկն էլ այն է, թե ինչպես կերակրենք նորածին երեխային:
Նախքան որոշում կայացնելը, ժամանակ տրամադրեք՝ հասկանալու կրծքով կերակրման բազմաթիվ առավելությունները: Որոշ մարդիկ չեն կարողանում ամբողջությամբ կամ ընդհանրապես կրծքով կերակրել, և դա նորմալ է: Կան բազմաթիվ կաթնախառնուրդների տարբերակներ, որոնք կօգնեն երեխային աճել: Խոսեք երեխայի մանկաբույժի հետ, որպեսզի ստանաք տեղեկատվություն և աջակցություն:
Այս բլոգի ընթացքում կխոսեմ կրծքով կերակրելու առավելությունների մասին, և թե ինչ ազդեցություն ունի այն երեխայի և մայրիկի առողջության համար։
Որո՞նք են կրծքով կերակրման առավելությունները
Կրծքով կերակրումը ունի բազմաթիվ առողջապահական առավելություններ ձեր և ձեր երեխայի համար: Այս առավելությունների մասին իմանալը կարող է օգնել ձեզ որոշել` արդյոք կրծքով կերակրելը ճիշտ է ձեր ընտանիքի համար:
Կրծքով կերակրման առավելությունները երեխայի համար
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը նվազեցնում է երեխայի որոշակի հիվանդությունների ռիսկը և օգնում է ուժեղ իմունային համակարգ կառուցել: Կրծքով կերակրվող (ԿԿ) երեխաները ավելի ցածր ռիսկ ունեն.
- Շնչառական վարակների
- Ականջի ինֆեկցիաների
- Բակտերիալ մենինգիտի
- Ասթմայի
- Հանկարծակի մանկական մահվան համախտանիշի
- Մանկական գիրության
- Էկզեմայի
- Ավելի հասուն տարիքում 2-րդ տիպի շաքարախտի
- Լեյկոզի (մանկության շրջանում)
- Աղիների բորբոքային հիվանդության
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրվող նորածիններն ավելի ցածր հոսպիտալացման մակարդակ ունեն և ավելի լավ առողջություն ունեն: Սա հանգեցնում է հիվանդությունների համար մանկաբույժին ավելի քիչ այցելությունների:
Կրծքով կերակրելու առավելությունները մայրիկի համար
Կրծքով կերակրումը մայրիկներին նույնպես մի շարք առավելություններ է տալիս: Ծննդաբերությունից հետո ամիսների ընթացքում կրծքով կերակրումը նվազեցնում է հետծննդաբերական դեպրեսիայի ռիսկը, եթե կրծքով կերակրումը լավ է ընթանում, և դուք լավ աջակցություն եք ստանում։ Այն նաև օգուտ է տալիս ձեզ՝ նվազեցնելով հետևյալ հիվանդությունների զարգացման ռիսկը.
- Կրծքագեղձի քաղցկեղ
- Ձվարանների քաղցկեղ
- Էնդոմետրիումի քաղցկեղ
- Վահանաձև գեղձի քաղցկեղ
- 2-րդ տիպի շաքարախտ
- Սրտանոթային հիվանդություն
- Արյան բարձր ճնշում
- Բարձր խոլեստերին
Բացի ձեր երկարաժամկետ առողջությանն աջակցելուց, կրծքով կերակրումը շատ այլ օգուտներ ունի ձեզ համար, ինչպես նաև ձեր երեխայի հետ հարաբերությունների համար: Դրանք ներառում են.
- Ծննդաբերությունից հետո ավելի արագ վերականգնում- Կրծքով կերակրումը արտադրում է օքսիտոցին հորմոն: Օքսիտոցինը օգնում է ձեր արգանդին կծկվել ծննդաբերությունից հետո: Սա օգնում է նրան վերադառնալ իր նորմալ չափին և նվազեցնում է հեշտոցային արյունահոսության քանակը ծննդաբերությունից հետո:
- Ֆիզիկական և էմոցիոնալ կապի ավելացում- Կրծքով կերակրումը երեխայի հետ կապված զգալու հատուկ և եզակի միջոց է: Որոշ հետազոտողներ պարզել են, որ կրծքով կերակրման հետ կապված կապը կարող է օգնել նվազեցնել սոցիալական և վարքային խնդիրները ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ:
- Վստահության ստեղծում- Կրծքով կերակրող ծնողները սովորում են կարդալ իրենց նորածնի ազդանշանները, իսկ երեխաները սովորում են վստահել խնամողներին: Սա օգնում է ձևավորել ձեր երեխայի վաղ վարքագիծը:
- Հարմարավետություն- Դուք կարող եք կրծքով կերակրել գրեթե ցանկացած վայրում՝ առանց անհանգստանալու շշերի պատրաստման կամ կաթնախառնուրդի մասին:
- Ցածր արժեք- Կրծքով կերակրումը կարող է ունենալ որոշ նախնական ծախսեր, ինչպիսիք են կրծքով կերակրելու համար նախատեսված կրծկալները և կրեմը, բայց երկարաժամկետ հեռանկարում այն ավելի մատչելի է, քան կաթնախառնուրդը: Կաթնախառնուրդի արժեքը կարող է կազմել օրական մինչև 10 դոլար՝ կախված ձեր երեխայի կաթնախառնուրդի ապրանքանիշից, տեսակից և քանակից:
Կրծքի կաթի սննդային օգուտները
Կրծքի կաթը պարունակում է այն ամենը, ինչն անհրաժեշտ է ձեր երեխային աճելու և զարգանալու համար: Այն ապահովում է վիտամինների, հանքանյութերի/միներալների և հակաօքսիդանտների յուրահատուկ և հատուկ բանաձև:
Կրծքի կաթը աջակցում է ձեր երեխայի առողջությանը, քանի որ այն.
- Հեշտ է մարսել
- Պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են վարակներից և բարձրացնում իմունիտետը
- Ունի ճիշտ քանակությամբ ճարպ, շաքար, ջուր, սպիտակուց և վիտամիններ ձեր երեխայի զարգացման համար
- Նպաստում է առողջ քաշի ավելացմանը
- Ժամանակի ընթացքում տեղի է ունենում կազմության փոփոխություններ՝ ձեր երեխայի սննդային կարիքները բավարարելու համար
- Պարունակում է նյութեր, որոնք բնական կերպով հանգստացնում են ձեր երեխային
Առողջապահական կազմակերպություններից շատերը խորհուրդ են տալիս երեխային բացառապես կրծքով կերակրել առնվազն վեց ամիս։ Երբ ձեր երեխան բավականաչափ մեծանա հավելյալ սննդի համար, դուք կարող եք նրա սննդակարգ մտցնել սնունդ և շարունակել կրծքով կերակրումը մինչև երկու տարի կամ ավելի երկար: Հարկ է նշել, որ եթե դուք բացառապես կթում եք ձեր կաթը,միևնույն է ձեր երեխան դեռևս շարունակում է ստանալ կրծքի կաթի սննդային և առողջարար օգուտները:
Կրծքի կաթի բաղադրիչները
Կրծքի կաթում կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնք բավարարում են ձեր երեխայի կարիքները: Դրանք են․
- Ածխաջրեր, որոնք ապահովում են բակտերիաների առողջ հավասարակշռությունը երեխայի ստամոքսում
- Ճարպեր, որոնք օգնում են զարգացնել երեխայի ուղեղը և նյարդային համակարգը
- Սպիտակուցներ, ինչպիսին է օրինակ լակտոֆերինը, որը պաշտպանում է երեխային վարակներից
- Վիտամիններ, որոնք նպաստում են երեխայի աճին
- Արյան սպիտակ բջիջները, որոնք օգնում են պայքարել վարակի դեմ
Արդյո՞ք կրծքով կերակրումը օգնում է նիհարել
Կրծքով կերակրելը կարող է հեշտացնել հղիության ընթացքում ձեռք բերած քաշը կորցնելը: Կրծքով կերակրելը կալորիաներ է այրում, ինչը կարող է օգնել քաշի կորստին:Բայց ոչ բոլորն են նիհարում կրծքով կերակրելուց: Հետազոտողները լիովին վստահ չեն, թե ինչու են որոշ մարդիկ նիհարում կրծքով կերակրելիս, իսկ մյուսները՝ ոչ: Մի քանի այլ գործոններ նպաստում են քաշի կորստին/ավելացմանը, ինչպիսիք են կալորիաների սպառումը, ֆիզիկական ակտիվությունը և քնի որակը:
Երկարատև կրծքով կերակրման առավելությունները
Կրծքով կերակրումը մեկ տարուց ավելի և մինչև երկու տարի շատ օգտակար է երեխայի զարգացմանն ու աճին: Բայց դա կարող է նաև օգուտ տալ կրծքով կերակրող ծնողին:Հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ տարուց ավել կրծքով կերակրելը կարող է նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի, ձվարանների քաղցկեղի, արյան բարձր ճնշման և 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը: Բացի այդ, երկարատև կրծքով կերակրումը կարող է օգնել ձեր երեխային հանգստացնել և հարմարավետություն ապահովել անհանգստության ժամանակ:

Leave a comment