Այս բլոգի ընթացքում խոսելու եմ մայրիկների ինքնախնամքի մասին, և թե ինչու է այն այդքան կարևոր։ Առանձնացրել եմ մի քանի կետեր, որոնք կօգնեն ձեզ կտրվել առօրյա հոգսերից և էներգիա հավաքել՝ ընտանիքի հետ սիրով և որակյալ կյանք ունենալու համար։ 

Լինելով մայր՝ արդյո՞ք նկատել եք, որ կան օրեր, երբ թվում է՝ ձեր էներգիան անսպառ է, իսկ որոշ օրերի էլ արթնանում եք և արդեն այնքան հոգնած եք լինում, որ չեք կարողանում ոչինչ անել և միակ բանը, որ ուզում եք, քնելն է։ Կարևոր չէ, թե որքան եք սիրում ձեր ընտանիքին կամ որքան եք սիրում ժամանակ անցկացնել ձեր ընտանիքի անդամների հետ, պարզապես կան դեպքեր, երբ դուք ընդմիջման կարիք ունեք: Եթե այս ամենը ծանոթ իրավիճակ է ձեզ համար, ուրեմն շնորհավորում եմ, դուք ճիշտ տեղում եք, որովհետև ես ունեմ մի քանի հիանալի առաջարկներ, որոնք կօգնեն ձեզ «լիցքավորել ձեր մարտկոցը»։

Մարզվել

Երբեմն դուք կարող եք մտածել, որ դուք չափազանց հոգնած եք և ոչինչ անելու ուժ չունեք, բայց իրականում վարժություն անելը կարող է ձեզ ավելի շատ էներգիա տալ։ Եթե կարողանաք օրվա ընթացքում թեկուզ 5-10 րոպե մարզվել ու հատկապես դրսում, մեծ էներգիա կհավաքեք։ Եթե նույնիսկ չեք կարողանում ինքնուրույն մարզվել, քանի որ ամբողջ օրը մենակ եք երեխայի հետ, կարող եք երեխային դնել մանկասայլակի մեջ, հագնել ձեր սպորտային կոշիկներն ու դուրս գալ քայլելու։

Առողջ սնվել

Մտածեք սննդի մասին որպես էներգիայի աղբյուր: Առողջ սնունդ ուտելը և մշտապես ջուր խմելը ձեզ ավելի շատ էներգիա կտան: Լավ ուտել չի նշանակում պատրաստել բարդ բաղադրատոմսեր։ Եթե ​​ձեզ անհրաժեշտ են հեշտ, առողջ կերակուրների գաղափարներ, կարող եք ստուգել Instagram-ը, որտեղ շատ բլոգերներ ունեն ճաշի պատրաստման հիանալի պլաններ և բաղադրատոմսեր:

Հանգիստ

Այո, մենք բոլորս էլ գիտենք, որ սա դժվար է, հատկապես, եթե տանը երեխա ունեք: Բայց բավականաչափ հանգստանալը նշանակում է, որ դուք կունենաք ավելի շատ էներգիա և ավելի քիչ բարկացած կլինեք, ուստի կարծում եմ, որ արժե ջանք թափել: Եթե ​​տանը փոքրիկ ունեք, քնեք, երբ նա քնում է: Փորձեք հետևել ձեր և ձեր երեխաների համար կանոնավոր քնելու ժամերին: Ընդդիմացեք «մի փոքր երկար» արթուն մնալու ցանկությանը, երբ ուզում եք վերջացնել տնային գործերը, նայել ձեր սիրած շոուն, թերթել սոցիալական ցանցերը կամ նույնիսկ լավ գիրք կարդալ: Հավատացեք դուք ինքներդ ձեզ շնորհակալություն կհայտնեք առավոտյան:

Ժամանակ հատկացնել ինքդ քեզ

Սա կարող է նշանակել, որ առավոտյան արթնանաք ձեր երեխաներից առաջ՝ հանգիստ վայելելու մի բաժակ սուրճը, կեսօրին ընդմիջում, երբ ձեր երեխաները քնում են, կամ նույնիսկ պարզապես հանգիստ ժամանակ վայելեք ձեր երեխաների հետ՝ գիրք կարդալով կամ շոու դիտելով: Դուք կարող եք օրագիր պահել և հանգիստ ժամանակ գրել ձեր օրագրում, թե ինչից եք շնորհակալ և ինչը կուզենայիք փոխել ձեր կյանքում, կարող եք գիրք կարդալ, փոդքասթ լսել:

Ժամանակ գտնել ընկերների համար

Ժամանակ հատկացրեք ձեր ընկերներին: Եթե ​​դժվար է միայնակ առանց երեխաների տանից դուրս գալը, ապա կարող եք շաբաթվա մեջ ունենալ խաղային ժամեր, որպեսզի ձեր երեխաները կարողանան խաղալ միասին, մինչ դուք ժամանակ անցկացնեք մեծահասակների հետ և խոսակցություններ ունենաք:

Ժամադրության օր սիրելիի հետ

Կարևոր է ժամանակ հատկացնել ձեր կողակցին, այլապես կարող եք զգալ, որ դուք և ձեր ամուսինը պարզապես անցնում եք միմյանց կողքով ամբողջ օրը: Պլանավորեք ժամադրության գիշեր՝ հանգստանալու, նորից կապվելու և լիցքավորվելու համար: Եթե ​​բյուջեն խնդիր է, երեխաներին շուտ պառկեցրեք քնելու և տանը վայելեք հատուկ ընթրիք կամ ֆիլմ:

Սահմանեք իրատեսական նպատակներ

Եղեք իրատեսական, երբ ընտրում եք՝ ինչպես եք վարվելու ձեր ազատ ժամանակի հետ: Սահմաններ դրեք, որպեսզի խուսափեք չափազանց հոգնելուց: Ձեզ վատ մի զգացեք մարդկանց «ոչ» ասելով. դուք չպետք է «մեղքի» զգացում ունենաք, երբ ինչ-որ բան չեք ուզում անել: Իհարկե, կան գործեր, որոնք դուք պետք է անեք, բայց օրինակ կարող եք բաժանել տան մաքրությունը մի քանի օրերի և պլանավորել շաբաթը մեկ անգամ սնվել դրսում, երբ չեք հասցնում տանը պատրաստել:

Ընդունեք առաջարկված օգնությունը

Կարող են լինել օրեր, երբ դուք ավելի շատ օգնության կարիք ունեք: Վարձեք դայակ, որպեսզի կարողանաք առանց երեխայի ավարտին հասցնել ձեր գործերը: Եթե ​​դայակ ունենալու բյուջե չունեք, խնդրեք ձեր կամ ձեր ամուսնու ծնողներին, վստահելի ընկերոջը մնալ ձեր երեխայի հետ: Վստահ եմ՝ հետո ինչ-որ մի կերպ կփոխհատուցեք նրանց լավությունը։

Հաշվեք ձեր օրհնությունները

Երբեմն մենք այքան ծանրաբեռնված ենք լինում առօրյա հոգսերով, որ մոռանում ենք շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ ունենք։ Երբ դուք ծանրաբեռնված եք զգում, մի պահ տրամադրեք ձեր օրհնությունները հաշվելու համար: Վերափոխեք ձեր «դժգոհելու» մտածելակերպը «շնորհակալ եմ» մտածելակերպի: «Մենք օրհնված ենք, որ ունենք բավականաչափ մաքուր հագուստ, որպեսզի կարողանանք հաղթահարել խենթ շաբաթը», շատ ավելի լավ է հնչում, քան «Ես այնքան լվացք ունեմ անելու»: «Ես պետք է ընթրիք պատրաստեմ, և չգիտեմ, թե ինչ ենք ուտելու»-ի փոխարեն, մտածեք, «մենք օրհնված ենք, որ ընթրիքի շատ տարբերակներ ունենք»: Շուտով դուք ավելի լավ կգնահատեք ձեր ունեցածը և կսկսեք փոքր բաների մեջ ուրախություն տեսնել:

Այս բլոգի վերջնական միտքն այն է, որ ձեր մասին հոգալը դարձնեք առաջնահերթություն: Երբ հոգ տանեք ձեր մասին, դուք ավելի լավ մայր կլինեք և լավ օրինակ կլինեք ձեր երեխաների համար:

Leave a comment