Մեկ տարի առաջ Հանթեր Քլարկ-Ֆիլդսի «Մեծացնել լավ մարդկանց» գիրքը կարդալուց հետո ինքս ինձ խոստացա առանձնացնել մի քանի կարևոր կետեր, որոնց մասին խոսում է հեղինակը։ Այս բլոգի ընթացքում մեծ սիրով կկիսվեմ այդ կետերով։

Եկեք միասին ուսումնասիրենք, թե ինչպես կարող ենք կիրառել այս հզոր ուղեցույցի հիմնական պատկերացումները բարի, ինքնավստահ, կարեկցող և էմոցիոնալ խելացի երեխաներ դաստիարակելու համար։

1․ Ամեն օր, երբ մեր երեխաները վերադառնում են դպրոցից կամ մանկապարտեզից, եկեք ամուր գրկենք նրանց ու ասենք, թե ինչքա՜ն երջանիկ ենք, որ տեսնում ենք նրանց: Այնպես անենք, որ նրանք հավատան ու համոզված լինեն, որ իրենք իսկապես լուսավորում են մեր օրը, երբ տուն են գալիս:

2․ Երբ երեխաները սեր են տեսնում մեր աչքերում, նրանք իրենց արժևորված ու վստահ են զգում և իրենք էլ սկսում են արժևորել ու վստահել մեզ:

3․ Անպայման գրկեք ձեր երեխաներին: Գրկելը մարդկային փոխհարաբերությունների կարևորագույն մասն է: Դրական ֆիզիկական հպումը հզոր միջոց է ձեր երեխաներին ձեր սերն ու հոգատարությունը փոխանցելու համար: Գրկելն ու համբույրը երեխային օգնում են կարգավորել իր էմոցիաները և նվազեցնում են սթրեսի հորմոնները: «Ընտանեկան թերապիայի մայր» Վիրջինիա Սատրը ասել է. «Մենք օրական կարիք ունենք մեր սիրելիին 4 անգամ գրկելու, որպեսզի կարողանանք գոյատևել, 8 անգամ գրկելու, որպեսզի դիմանանք մինչև օրվա վերջ և 12 անգամ պետք է գրկենք, որպեսզի կարողանանք աճել ու զարգանալ»: Ուստի ինչքան հնարավոր է շատ գրկեք ձեր երեխաներին:

4․ Մեզանից շատերն այնքան զբաղված են, որ ժամանակ չունեն գետնին նստելու և երեխայի հետ խաղալու: Մենք միշտ մտածում ենք. «Ի՞նչ է, նրանք չեն կարո՞ղ միայնակ խաղալ»: Այո՛, նրանք կարող են և պետք է միայնակ խաղան, բայց մենք պետք է նույնպես ժամանակ գտնենք ու «մտնենք» նրանց աշխարհ: Խաղը մանկության կարևորագույն մասն է: Երեխաները կարիք ունեն խաղալու, ինչպես կարիք ունեն օդի ու ջրի: Խաղը նրանց օգնում է հասկանալ, բացահայտել աշխարհն ու վստահություն ձեռք բերել։ Երբ մենք խաղում ենք մեր երեխաների հետ մենք «լցնում ենք» նրանց սիրտը սիրով, ոգևորությամբ ու ջերմությամբ: Մեր երեխաների հետ խաղալը մեզանից շատ ժամանակ չի խլի: Փորձենք սկզբում գոնե 10 րոպե ժամանակ տրամադրել, բայց խաղալու ընթացքում ամբողջությամբ ներկա լինել՝ առանց հեռախոսների, առանց երեխային ասելու, թե ինչ անի ու ինչպես խաղա՝ ուղղակի հետևելով ու նրան սիրով ուշադրություն դարձնելով:

5․ Երեխաները կարող են և պետք է մեզ օգնեն տնային գործերում: Թույլ տվեք նրանզ օգնել ձեզ լվացք անելիս, ափսե լվանալիս, հատակները մաքրելիս: Այնպես արեք, որ նրանք իրենց կարևոր ու պատասխանատու զգան և տարիքի հետ ավելացրեք նրանց «պատասխանատվությունները»: Ձեր երեխային ընդունեք որպես ձեր ընտանեկան թիմի անդամ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաներն, ովքեր փոքր հասակից օգնում են իրենց ծնողներին, հետագայում ավելի շատ շանսեր ունեն մեծ հաջողությունների հասնելու:

6․ Երեխաներին ոգևորող, դրական խոսքեր ասեք միշտ, որովհետև դրանք երեխաներին թույլ են տալիս իմանալ, որ մենք հավատում ենք նրանց:

7․ Երբ փորձում եք երեխային ինչ-որ բան բացատրել, անպայման նստեք գետնին, այնպես, որ կարողանաք ուղիղ նայել նրա աչքերի մեջ, քանի որ նրա ուղեղի դիմային մասը դեռ զարգացած չէ, խոսեք շատ հանգիստ ու ցածր տոնով, մի՛ գոռացեք, հատկապես, երբ նա լացում է, այդպես ավելի եք բարդացնում իրավիճակը և ձեր գոռալով երեխան ավելի է «կատաղում»: Ձեր ձայնի հանգիստ տոնը կարող է հանգստացնել երեխային և հնարավորություն տալ իրար հասկանալու:

8․ Անպայման փորձեք օրվա մեջ գոնե 5 րոպե ազատ ժամանակ գտնել ու ինքներդ ձեզ հետ միայնակ մնալ: Փորձեք հասկանալ ձեր կարիքները, ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, խորը շունչ քաշել ու հանգստանալ: Հավատացեք՝ ինքներդ ձեր մասին հոգ տանելը անչափ կարևոր է, որպեսզի հետո էլ կարողանաք հոգ տանել երեխայի մասին:

9․ Երբեք երեխային մի՛ ասեք ամոթ է, հերիք է լացես, սուս մնա..թույլ տվեք նրան արտահայտել իր հույզերն ու զգացմունքները…

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու և կարդալու համար։

Leave a comment