
Մայրությունը պարադոքս է։ Այն ամենագեղեցիկ բանն է, որ երբևէ տեղի է ունեցել իմ կյանքում, բայց միևնույն ժամանակ, երբեմն ամենադժվարն է։ Կան պահեր, երբ ես անսահման օրհնված եմ զգում ու սիրով լցված իմ երեխաների հանդեպ։ Բայց կան նաև պահեր, երբ կարոտում եմ նրան՝ այն կնոջը, ով ես էի մինչ մայրանալը։
Մինչ մայրանալը, ես ազատություն ունեի։ Կարող էի ուշ արթնանալ, հարկ եղած դեպքում տանից դուրս գալ, ժամերով կորչել գրքի կամ հոբբիի մեջ։ Ունեի էներգիա, երազանքներ և տարածք՝ պարզապես լինելու համար։ Հիմա իմ ժամանակը միայն իմը չէ։ Իմ մարմինը միայն իմը չէ։ Իմ միտքը միշտ լցված է հոգսերով՝ արդյո՞ք բալիկս բավականաչափ կերավ, արդյո՞ք իմ փոքրիկը բավարար ուշադրություն ստացավ այսօր, արդյո՞ք ճիշտ եմ անում ամեն ինչ։
Որոշ օրեր ինձ թվում է, թե կորցրել եմ ինքս ինձ։ Այն կինը, որ առաջ էի, կարծես մոռացության է մատնվել՝ փոխարինվելով մեկով, ով միշտ պետք է ինչ-որ բան անի, միշտ հոգնած է, միշտ փորձում է ամեն ինչ հասցնել։ Կա մեղքի զգացում՝ նրա համար, որ կարոտում եմ իմ անցյալը, մեղքի զգացում՝ երբեմն ընդմիջում ցանկանալու համար, մեղքի զգացում՝ երբ զգում եմ, որ ծանրաբեռնված եմ, այն դեպքում, երբ պարզապես պետք է երախտապարտ լինեմ։
Բայց հետո, այդ հոգնածության մեջ, մի անմոռանալի բան է կատարվում ու հոգիս տակնուվրա է լինում։ Քուն մտնող փոքրիկս գիշերվա կեսին ինձ գրկում է ու շշնջում. «Մամա, ես քեզ շա՜տ սիրում եմ, դու աշխարհի ամենալավ մաման ես»։ Մանկան ծիծաղը լցնում է օդը՝ մաքրելով հոգուս ամբողջ ծանրությունը։ Այդ պահին ես հիշում եմ, թե ինչու եմ այստեղ, ինչու եմ այսքան շատ ինձանից տալիս։ Որովհետև, թեև ես կորցրել եմ իմ անցյալի մի հատվածը, ես ձեռք եմ բերել ավելի մեծ բան՝ մի սեր, որը շատ ավելի խորն է, քան երբևէ պատկերացրել եմ։
Մայրությունը խառնաշփոթ է, դժվար և գեղեցիկ։ Այն զգաստացնում է քեզ, կոտրում, և նորից վերակառուցում՝ ավելի ուժեղ, ավելի նուրբ, ավելի իմաստուն։ Ես գուցե երբեմն կարոտում եմ իմ անցյալը, բայց ես ոչ մի բանի դիմաց չէի փոխի այս կյանքը։ Որովհետև նույնիսկ այս խառնաշփոթի մեջ, նույնիսկ ամենադժվար պահերին, ես գիտեմ՝ ես հենց այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ։
Կան օրեր, երբ կարոտում եմ լռությունը, իմ անխափան մտքերը, այն պահը, երբ ոչ ոք ինձ չի պահանջում և իմ կարիքը չունի։ Եվ կան օրեր, երբ կուզենայի, որ ժամանակը կանգ առներ, որպեսզի կարողանամ պահել իմ մանկան փոքրիկ ձեռքերն ու իմ փոքրիկի բարձր ծիծաղը՝ հավերժ։
Մայրությունը մշտական հավասարակշռություն է՝ քո անձը կորցնելու և նորից գտնելու, հոգնածության և երախտագիտության, անձնական տարածքի կարոտի և երբեք երեխաներից հեռու չցանկանալու միջև։ Դա սովորելն է՝ թողնել կատարելությունը և ընդունել երեխաների մեծացնելու այս խենթ ու գեղեցիկ իրականությունը։
Ուրեմն, եթե դու, սիրելի՛ մայրիկ, երբեմն զգում ես, որ կորցրել ես քեզ, ես քեզ հասկանում եմ։ Դու մենակ չես։ Դու աճում ես, զարգանում, նորովի ձևավորվում։ Եվ նույնիսկ այն պահերին, երբ քեզ թվում է, թե կորցրել ես քեզ, հիշիր՝ քո երեխաների աչքերում դու ամեն ինչ ես։ Եվ դա ավելի քան բավական է։

Leave a comment