
Երբ առաջին անգամ մայր դարձա, կցանկանայի, որ ինչ-որ մեկն այս խոսքերով մի նամակ ուղարկեր ինձ։ Մենք միշտ կասկածում ենք մեզ՝ մտածելով, որ բավական չենք անում մեր երեխաների համար, որ պիտի ավելին անենք, որ պիտի ավելի լավը լինենք նրանց համար։ Այդ կասկածը անընդհատ մեզ հետ է, մենք անընդհատ մտածում ու վերամտածում ենք՝ արդյո՞ք սա ճիշտ քայլ էր։ Ահա թե ինչու ես որոշեցի գրել այս նամակը՝ սրտիս խորքից, բոլոր նոր մայրիկներին։
Դու մենակ չես, մայրիկ։ Ես քեզ տեսնում եմ։
Դու քնած չես, մտածում ես՝ արդյոք բավարար ես անում, թե՝ ոչ։ Ամեն լացից, ամեն կերակրումից, ամեն որոշումից կասկածում ես ինքդ քեզ։ Իսկ երբեմն, լռության պահին (եթե, իհարկե, այդպիսի պահեր լինում են), կասկածը ներս է սողոսկում։
Թույլ տուր ասեմ մի բան, որ կցանկանայի ինչ-որ մեկն ինձ ասեր այն ժամանակ.
Դու սխալ չես անում։ Պարզապես երբեմն իսկապես շատ դժվար է։
Մայրությունը ձեռնարկով չի գալիս
Ինչքան էլ գրքեր կարդաս, ինչքան մայրիկների բլոգի էլ հետևես (այո, նույնիսկ այս մեկին), ոչինչ չի պատրաստում քեզ այն ամենին, ինչ իր հետ բերում է մայրությունը․ էմոցիոնալ բեռ, ֆիզիկական հոգնածություն, ամեն ինչի անկանխատեսելիություն։
Երբ ծնվեց իմ առաջին երեխան՝ Բենը, մեծ ճնշում էի զգում «ճիշտ անել» ամեն ինչ։ Ամեն բան գուգլում էի։ Շատ էի անհանգստանում՝ արդյո՞ք նա բավական է ուտում, բավական է քնում, արդյո՞ք բավական կապվածություն ենք ստեղծում։
Ապա ծնվեց Իզաբելը։ Ու նույնիսկ արդեն փորձով՝ դեռ կային ծանր օրեր։ Օրեր, երբ լաց էի լինում կերակրելու ժամանակ, երբ արդեն ուժասպառ էի, ու մտածում էի՝ արդյո՞ք ինչ-որ բան թողնում եմ անուշադրության։
Բայց ընթացքում սովորեցի մի կարևոր բան՝
Եթե դժվար է, դա չի նշանակում, որ դու ձախողում ես, պարզապես որոշ օրերի իսկապես շատ դժվար է թվում ամեն ինչ։
Դու սովորում ես, աճում և միշտ ներկա ես
Ամեն անգամ տակդիրի փոխումը, ամեն կեսգիշերային կերակրում, ամեն գրկախառնություն, նույնիսկ երբ ամբողջությամբ ուժասպառ ես, կարևոր է։ Քո բալիկը կատարյալ մայրիկ չի պահանջում։ Նա ունի քո կարիքը, թեկուզ դու հոգնած ես, խառնված, երբեմն անհասկանալի վիճակում։
Եվ ներկա լինելն արդեն ավելի, քան բավական է։
Դու սովորում ես ինքդ քեզ լսել։ Սովորում ես նուրբ կերպով ասել «ոչ» այն բաներին, որոնք հոգնեցնում են, և «այո» քո բալիկի կարիքներին, նույնիսկ, երբ քո կարիքները հետին պլան են մղվում։ Դա սիրո ամենահզոր օրինակն է։
Մի՛ թերագնահատիր քո ներկայության ուժը, նույնիսկ եթե երբեմն թվում է, թե ոչինչ չես անում։ Քո ձայնը, քո շունչը, քո ջերմ գրկախառնությունը, հենց դրանք են ստեղծում անվտանգ աշխարհ քո երեխայի համար։
Դու մենակ չես
Եթե լացել ես լոգարանում, բարձր ձայնով գոռացել երեխայիդ վրա ու անմիջապես ափսոսացել դրա համար, կամ գաղտնի ցանկանում ես պարզապես հինգ րոպե լռություն, իմացիր՝ մենակ չես։
Մենք շատերս այդ ճանապարհին ենք։ Մենք հանգիստ քաջալերում ենք միմյանց։ Կիսում ենք նույն կասկածներն ու հույզերը։
Եթե նայում ես ուրիշ մայրիկների սոցիալական մեդիա էջերին, ու թվում է՝ բոլորն էլ «հասցնում» են ամեն ինչ՝ հիշի՛ր, դա միշտ չէ, որ ամբողջ պատկերն է։ Ճշմարիտ մայրությունը հաճախ լինում է աննկատ՝ լուռ պահերի մեջ, երբ երեխադ քնած է քո կրծքին, կամ երբ չես հավատում՝ ինչպես դիմացար օրվա վերջում։
Ես հենց այդ պատճառով էլ սկսեցի այս բլոգը՝ հիշեցնելու քեզ (և ինքս ինձ), որ մենակ չենք մայրության այս խառնաշփոթ, բայց գեղեցիկ ճանապարհին։
Մեկ մայրիկից՝ մյուսին…
Դու ավելին ես անում, քան պատկերացնում ես։
Քո բալիկը բախտավոր է, որ քեզ ունի։
Եվ այս դժվար շրջանը հավերժ չի տևելու։
Մի օր ետ կնայես ու զարմանքով կհիշես այս ժամանակը։ Կտեսնես՝ ինչքան ուժեղ էիր։ Ինչքան սեր էիր տալիս։ Ինչքան հզոր էիր, երբ ամեն անգամ ներկա էիր՝ անգամ ամենադժվար պահերին։
Եվ քո մեջ կբացահայտես մի նոր կողմ՝ մի մայրիկ, ով երբեք չի դադարում փորձել, երբեք չի դադարում սիրել։
Ու եթե այսօր ոչ ոք քեզ դա չի ասել՝
Դու հիանալի աշխատանք ես կատարում։ Շարունակի՛ր այդպես։
Սիրով՝
Ջուլի

Leave a comment