
Երբ առաջին անգամ մայր դարձա, շուտով սկսեցի գիտակցել՝ մայրությունը մի ուղի է, որը չի կարող պարզապես «ինքնահոսով» ընթանալ։ Ամեն երեխա, ամեն նոր իրավիճակ ու յուրաքանչյուր փուլ իր հետ բերում էր և՛ նոր երջանկություն, և՛ նոր փորձություններ։
Ժամանակի ընթացքում սկսեցի փնտրել իմ ուղին՝ կարդալով գրքեր, լսելով այն մարդկանց պատմությունները, ովքեր արդեն անցել էին այս ճանապարհով։
Այսօր ուզում եմ կիսվել ծնողավարման մասին այն գրքերով, որոնք ոչ միայն հուշումներ տվեցին, այլև խորապես փոխեցին իմ մտածելակերպն ու մոտեցումը մայրության հանդեպ։
Այս գրքերը ձևավորեցին իմ տեսլականը՝ ինչպիսին եմ ուզում լինել որպես մայր, սովորեցրին ավելի լավ հասկանալ իմ երեխաների վարքը և կառուցել նրանց հետ ավելի ջերմ ու վստահելի կապ։
1․ Ներքուստ լավը – Դոկտոր Բեքի Քենեդի
Այս գրքի նպատակն է ծնողներին սովորեցնել ստեղծել աջակցող միջավայր, որտեղ երեխաները կարող են զարգանալ էմոցիոնալ և վարքով։
Գրքի հիմնական ուղերձն այն է, որ երեխաներն իրենց էությամբ շատ լավն են, նույնիսկ երբ նրանց պահվածքը/վարքագիծը մեզ համար դժվար տանելի է։ Այս տեսակետը դժվարին իրավիճակում ծնողներին օգնում է արձագանքել կարեկցանքով և ըմբռնումով, այլ ոչ թե հիասթափությամբ և պատժով։
Այս գիրքն ինձ համար իսկապես փրկօղակ դարձավ։ Դոկտոր Բեքիի հիմնական ուղերձը՝ այն, որ յուրաքանչյուր երեխա (և յուրաքանչյուր ծնող) ներքուստ լավն է, փոխեց այն, թե ինչպես եմ արձագանքում բարդ պահերին։
2․ Մեծացնել լավ մարդիկ- Հանթըր Քլարք-Ֆիլդս
Այս գիրքը ինձ սովորեցրեց, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ իմ սեփական սթրեսը և անձնական հուզական արձագանքները իմ ծնողավարման վրա։ Այն նաև ցույց տվեց, որ երբ մենք գիտակցաբար խորը շնչում ենք և վերահսկում մեր զգացմունքները, մենք օգնում ենք մեր երեխաներին սովորել անել նույնը։
Ամենակարևոր հմտությունը, որ սովորեցի․ Կարճ դադար՝ արձագանքելուց առաջ։
Նունիսկ մի քանի վայրկյան խորը շնչառությունը կարող է միանգամից փոխել ամբողջ իրավիճակը։
3․ Երեխայի ուղեղի կանոնները- Ջոն Մեդինա
Ջոն Մեդինայի «Երեխայի ուղեղի կանոնները» (“Brain Rules for Baby”) գիրքը խորաթափանց և հետաքրքրաշարժ աշխատանք է, որը գիտական փաստերը համատեղում է գործնական դաստիարակչական խորհուրդների հետ՝ օգնելով ծնողներին հասկանալ, թե ինչպես խթանել իրենց երեխայի ուղեղի զարգացումը ծնունդից մինչև հինգ տարեկան հասակը: Մեդինան, հիմնվելով նյարդաբանության և երեխաների զարգացման հոգեբանության վրա, ներկայացնում է հետազոտությունների արդյունքները մատչելի և կիրառելի ձևով։
Մեկ միտք, որն ինձ հետ է ամեն օր. «Զգացմունքային ինտելեկտը ավելի կարևոր է, քան ինտելեկտուալ բանականությունը (IQ)։»
Սա փոխեց իմ առաջնահերթությունները՝ ավելի շատ ուշադրություն դարձնելով զգացմունքների ճանաչմանը, քան վաղ զարգացման ցուցանիշներին։
4. Ամբողջական ուղեղով երեխան- Դոկտոր Դենիել Սիգել և Դոկտոր Թինա Փեյն Բրայսոն
Հրաշալի գիրք, որն օգնում է հասկանալ, թե ինչպես է երեխայի ուղեղը ընկալում իր շուրջն ու իր ներսում կատարվող ամեն ինչը և ինչպես կարող ենք տարբեր իրավիճակներում օգնել երեխային…
Ծնողների մեծամասնությունը երբեմն իրենց երեխաների մարմնի մասին ամեն ինչ գիտի: Մենք հստակ գիտենք, որ եթե երեխան 36-ից բարձր ջերմություն ունի, ուրեմն ինչ-որ բան այն չէ իր հետ, գիտենք, որ անհրաժեշտ է մշակել վերքը, որպեսզի այն չբորբոքվի, գիտենք , թե յուրաքանչյուր սնունդ ինչ վիտամիններովա հարուստ….
Բայց շատ հաճախ նույնիսկ ամենակիրթ և ամենահոգատար ծնողները չունեն իրենց երեխաների ուղեղի մասին ամենահասարակ ինֆորմացիան, հատկապես այն դեպքում, երբ ուղեղը կենսական նշանակություն ունի երեխայի կյանքի յուրաքանչյուր ասպեկտում. դիսցիպլինա, որոշումների կայացում, դպրոց, հարաբերություններ և այլն…
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է իմանալ, որ մեր ծնողավարությունից կախված՝ երեխայի ուղեղը կարող է ենթարկվել փոփոխությունների:
Այս գիրքը սովորեցրեց, թե ինչպես են երեխայի ուղեղի տարբեր մասերը աշխատում միասին և ինչպես կարող ենք օգնել նրանց կարգավորել իրենց մեծ զգացմունքները։ Կենտրոնական տեխնիկան՝ կապ հաստատել, հետո ուղղորդել։
Առաջին հերթին հասկանալ և ընդունել երեխայի զգացմունքները, հետո անցնել վարքի ուղղման։ Սա իսկապես օգնել է մեզ ամենաբարդ պահերին։
5․Ինչպես խոսել, որպեսզի երեխաները լսեն և լսել, որպեսզի երեխաները խոսեն – Ադել Ֆաբեր և Էլեյն Մազլիշ
Գիրքը ներկայացնում է ծնողների և խնամակալների համար արդյունավետ հաղորդակցման ռազմավարությունների վերաբերյալ արժեքավոր գաղափարներ: Կիրառելով այս գաղափարները՝ դուք կարող եք բարելավել ձեր հաղորդակցման հմտությունները, ամրապնդել ձեր հարաբերությունները ձեր երեխայի հետ և ստեղծել աջակցող միջավայր նրա աճի և զարգացման համար:
Այս գիրքը փոխեց իմ օգտագործած լեզուն երեխաներիս հետ շփվելիս։
Դաս տալու կամ քննադատելու փոխարեն, սովորեցի լսել և հարգել նրանց զգացմունքները՝ նախքան խորհուրդ տալը կամ ուղղել փորձելը։ Սիրված խորհուրդ. Ընդունել երեխայի զգացմունքները՝ առանց դրանք անմիջապես ուղղելու կամ մերժելու։
Օրինակ, «դու լավ ես, մի՛ լացիր» ասելու փոխարեն ասել՝ «ես տեսնում եմ, որ դու շատ ես նեղվել»։ Սա ամրապնդում է վստահությունը։
6․ Պարզեցված ծնողավարում – Քիմ Ջոն Փեյն
Այս գիրքը սովորեցրեց ինձ, որ երբեմն քիչը ավելի լավ է։ Ավելի քիչ խաղալիքներ, ավելի քիչ զբաղված օրացույցներ, ավելի պարզ առօրյա ռիթմեր՝ բերում են ավելի հանգիստ և երջանիկ երեխաներ։Մեկ միտք, որն ինձ մոտ շատ է տպավորվել. Երեխաները ծաղկում են պարզության և կանխատեսելիության մեջ։
Երբ մենք պարզեցնում ենք մեր ընտանիքի առօրյան, երեխաներն ավելի քիչ են գերծանրաբեռնվում և ավելի շատ ժամանակ ունեն ստեղծագործելու և հանգստանալու համար։
Վերջնական Մտքեր
Այս գրքերից յուրաքանչյուրը ինձ մի քայլ մոտեցրեց այն մայրիկին, որ ուզում եմ լինել՝ համբերատար, կապված, նպատակային և բարեհամբույր, նույնիսկ այն օրերին, երբ կյանքը խառնաշփոթ է թվում։
Իհարկե, ամեն ինչ կատարյալ չէ. կան հաղթանակի օրեր, կան գոյատևման օրեր։ Բայց այս գործիքները ունենալով՝ ես ավելի ուժեղ եմ զգում ինձ։
Եթե դուք էլ գտնվում եք սովորելու և զարգանալու փուլում՝ որպես ծնող, անկեղծորեն խորհուրդ եմ տալիս այս գրքերից որևէ մեկը վերցնել։ Նույնիսկ մի քանի էջ կարդալը կարող է տնկել այնպիսի սերմեր, որոնք ժամանակի ընթացքում կծաղկեն գեղեցիկ ձևով։

Leave a comment