մոնտեսորիի սկզբունքներ

Մինչ մայր դառնալս՝ ես երբեք չէի լսել Մոնտեսսորիի մասին։ Այսօր՝ երկու երեխաների մայր լինելով, անընդհատ փնտրում եմ ավելի խաղաղ, հարգալից ու գիտակցված դաստիարակության եղանակներ։ Եվ հենց այդ ճանապարհին էլ հանդիպեցի Սիմոն Դևիսի գրքին՝ «Մոնտեսսորի Փոքրիկը»։ 

Անկեղծ ասած՝ այս գիրքը այն էր, ինչ ինձ պետք էր, բայց այն ժամանակ ես նույնիսկ չէի էլ գիտակցում։

Եթե երբևէ ձեզ զգացել եք ճնշված խառնաշփոթից, լացերից, փոքրիկի անկախության պահանջներից, այս գիրքը փրկություն կլինի ձեզ համար։ Այս բլոգում կխոսեմ գրքի հիմնական գաղափարների մասին։


Մտածողության փոփոխություն

Ամենամեծ բանը, որ ինձ վրա տպավորություն թողեց՝ այն էր, որ Սիմոնը փոքրիկներին չի ներկայացնում որպես խնդիրներ։ Նա նրանց տեսնում է որպես փոքրիկ մարդիկ, որոնք փորձում են հասկանալ աշխարհը։

Երբ սա ընթերցում էի, հասկացա՝ որքան հաճախ եմ ես շտապեցնում որդուս, ընդհատում նրա խաղը կամ ամեն ինչ անում նրա փոխարեն, պարզապես ժամանակ խնայելու համար։

Բայց պարզվում է՝ փոքրիկները ձգտում են անկախության։ Նրանք ուզում են ջուր լցնել, սեղան մաքրել, ինքնուրույն տանել իրենց պայուսակը։ Իսկ եթե մենք դանդաղենք և ժամանակ տրամադրենք, ապա կտեսնենք, որ նրանք իսկապես կարողանում են դա անել։

Գրքի ընթերցումից հետո տանը փոքրիկ անկյուն ստեղծեցի՝ թեթև նախուտեստներով ու ջրով, որպեսզի Բենն ինքնուրույն վերցնի իր ջուրը և ուտելիքը, նա երբեմն ինձ օգնում է սեղան գցել, նույնիսկ եթե պատառաքաղները մի քիչ տարօրինակ է դնում, օգնում է պատրաստել իր սիրելի թարմ քամած հյութերը, լվացքն է կարողանում լցնել լվացքի մեքենայի մեջ և միացնել, ինչպես նաև շատ այլ բաներ է անում տանը։ 

Ամեն ինչ չէ, որ հարթ է անցնում, բայց նրա աչքերի հպարտությունն ու ուրախությունը ամեն ինչ արժեն։


Երկուստեք հարգանք

Մի միտք, որն ինձ վրա խորը ազդեցություն թողեց. «Փոքրիկները նույն հարգանքին են արժանի, ինչ մեծահասակները»։

Մենք հաճախ մոռանում ենք՝ ինչ է նշանակում լինել փոքր ու անօգնական։ Այս գրքից հետո ես սկսեցի ավելի շատ հանգիստ ու համբերատար լինել, ծնկի իջնել՝ երեխայիս աչքերի մեջ նայելու և խոսելու, և փորձել ավելի մեղմ ու հարգալից տոնով լինել։ Օրինակ՝ “Դու չար ես” ասելու փոխարեն փորձում եմ ասել՝ “Դու բարկացած ես, որովհետև ուզում էիր քո բաժակը և չկարողացար վերցնել”։

Իհարկե, ամեն ինչ չի կարող կատարյալ լինել, ես դեռ շատ հաճախ մոռանում եմ այս մեթոդների մասին,բայց ամեն անգամ հիշեցնում եմ ինքս ինձ ու աշխատում եմ ինձ վրա, քանի որ այս փոփոխությունը մեր տանը շատ ավելի խաղաղ մթնոլորտ է ստեղծել։


Դժվար պահերը՝ որպես հաղորդակցություն

Սիմոն Դևիսը ինձ օգնեց դժվար պահերը (tantrums) նոր լույսով տեսնել․ ոչ թե որպես վատ վարք, այլ որպես նշան՝ «Ես դեռ չունեմ բառերը այս մեծ զգացողության համար»։

Սա ամեն ինչ փոխեց։

Փոխանակ զայրանալու՝ փորձում եմ մնալ հանգիստ ու ասել՝ “Դու շատ ես վշտացած։ Ես քեզ հասկանում եմ”։ Երբեմն դա բավական է։ Երբեմն՝ ոչ։ Բայց հիշեցնում եմ ինձ՝ ես իմ օրինակով եմ սովորեցնում զգացմունքների կառավարումը։

Ու ճիշտն ասած՝ երբեմն ես եմ դրա կարիքը ունենում։


«Այո» միջավայրի ստեղծում

Գրքի հիմնական գաղափարներից մեկը, որը շատ սիրեցի՝ տան ձևավորումն է այնպես, որ հնարավորինս հաճախ այո ասենք։

Գիրքը կարդալուց հետո նայեցի մեր տանն ու հասկացա՝ այն մեծ մասամբ ինձ համար է հարմարեցված, ոչ թե փոքրիկիս։

Փոքրիկ քայլերով փոփոխություններ արեցի՝ աթոռ լվացարանի մոտ, ցածր կախիչ՝ բաճկոնի համար, խաղալիքների փոքր զամբյուղ՝ ոչ թե լիքը լիքը բաներով լցված։ Ավելի քիչ խառնաշփոթ, ավելի շատ հանգստություն։

Իսկ երեխան հաճույքով է օգտվում իր ազատությունից՝ առանց անդադար «ոչ»-երի։


Ամեն ինչ սկսվում է մեզնից

Թերևս ամենազարմանալի մասը այն էր, թե որքան շատ է գիրքը խոսում մեծահասակի մասին՝ մեր էներգիայի, մեր խոսքի, մեր ներկայության։

Սիմոնը հիշեցնում է՝ փոքրիկները ծաղկում են, երբ մենք հանգիստ, հստակ ու բարի ենք։ Երբեմն դա հեշտ չէ՝ հատկապես հոգնած ու գերհոգնած մայրիկի համար։ Բայց դա է իրական աշխատանքը, չէ՞։


Վերջաբան

«Մոնտեսսորի Փոքրիկը» կատարյալ լինելու մասին չէ։ Դա մեր երեխային ավելի լավ հասկանալու մասին է և այնպիսի միջավայր ստեղծելու, որտեղ երկուսով էլ կարող եք աճել ու հանգստանալ։

Այո, դեռ լինում են խառնաշփոթ օրեր։ Բայց ես սովորում եմ դանդաղել, կապ հաստատել ու վստահել գործընթացին։

Եթե դուք էլ այժմ ունեք փոքրիկ և փնտրում եք մի քիչ պարզություն ու կարեկցանք՝ այս գիրքը կարող է հենց այն լույսը լինել, որին սպասում էիք։

Leave a comment