Որքան ժամանակ կարող եք պահել մայրական կաթը առանց սառեցման, սառնարանում կամ սառցախցիկում

Մայրական կաթը պահելու և օգտագործելու հարցում մայրերի ամենամեծ մտահոգություններից մեկն այն է, թե որքան ժամանակ կարելի է պահել կաթը առանց սառեցման, սառնարանում կամ սառցախցիկում: Անկախ նրանից՝ կթում եք հետագա օգտագործման համար, կաթ եք թողնում խնամք իրականացնողի/դայակի համար, թե պարզապես փորձում եք կարգավորել կաթի արտադրության քանակը, կարևոր է հասկանալ մայրական կաթը պահպանելու կանոնները՝ այն թարմ և անվտանգ պահելու ձեր փոքրիկի համար։ Այս բլոգում սիրով կներկայացնեմ այն ամենը, ինչ պետք է իմանաք մայրական կաթը պահելու և օգտագործելու մասին:

1. Մայրական կաթը առանց սառեցման՝ սենյակային ջերմաստիճանում պահելը

Երբ կթում եք մայրական կաթը, ձեզ մոտ կարող է հարց առաջանալ, թե որքան ժամանակ այն կարող է անվտանգ մնալ սենյակային ջերմաստիճանում մինչև սառնարան տեղափոխելը կամ մինչև այդ կաթը կտաք երեխային:

  • Անմիջապես կթած մայրական կաթը․ Անմիջապես կթած կաթը կարող է մնալ սենյակային ջերմաստիճանում (77°F կամ 25°C) մինչև 4 ժամ: Եթե շատ տաք է դրսում, լավ կլինի կաթը պահպանել 2 ժամ:
  • Տաքացվող կաթը․ Եթե դուք տաքացրել եք մայրական կաթը, այն պետք է մնա սենյակային ջերմաստիճանում ոչ ավել, քան 2 ժամ: Բացի այդ, եթե 2 ժամ անց այլևս չեք օգտագործելու կաթը, այն պետք է անպայման գցվի:

Հիշեք, որ երբ մայրական կաթը եղել է սենյակային ջերմաստիճանում, այն չի կարելի կրկին սառեցնել կամ սառնարանում պահել:

2. Մայրական կաթը սառնարանում պահելը

Սառնարանը հիանալի տարբերակ է, եթե ցանկանում եք կաթը պահել մի քանի օր: Ահա որքան ժամանակ կարող եք անվտանգ պահել կաթը:

  • Նոր կթած կաթը․ Նոր կթած կաթը կարող է մնալ սառնարանում (ոչ ավելի, քան 40°F կամ 4°C) մինչև 4 օր: Ավելի երկար պահելը կարող է նվազեցնել կաթի որակը, ուստի այն պետք է հեռացվի 4 օրից հետո:
  • Սառցախցիկում սառեցված, այնուհետև սառնարան դրված կաթը․ Եթե դուք արդեն սառեցրել եք կաթը, այնուհետև տեղախոփել այն սառնարան, այն կարող է մնալ սառնարանում մինչև 24 ժամ: Չպետք է կրկին սառցախցիկ տեղափոխել այդ կաթը, իսկ այն, ինչ ձեր երեխան չի օգտագործել, պետք է թափել:

3. Մայրական կաթը սառցախցիկում պահելը

Սառցախցիկը կաթի երկարաժամկետ պահեստավորման լավագույն տարբերակն է, բայց պետք է հետևել որոշակի կանոններին:

  • Սառցարան (0°F կամ -18°C)․ Մայրական կաթը կարող է պահվել սառցարանում մինչև 12 ամիս, սակայն լավագույնը այն օգտագործելն է 6 ամսվա ընթացքում՝ ամենաբարձր որակն ապահովելու համար:
  • Սառնարանների միջի սառցախցիկ (0°F կամ -18°C)․ Եթե դուք սառեցնում եք կաթը սառնարանի սառցախցիկում, այն պետք է օգտագործվի մինչև 6 ամիս:

Շատ լավ կլինի պահել կաթը փոքր չափաբաժիններով (մոտ 60-120մլ), որպեսզի նվազեցնեք այն փչացնելու հավանականությունը, և խուսափեք այն կրկին սառեցնել:

Ընդհանուր խորհուրդներ մայրական կաթը անվտանգ պահելու համար

  • Պիտակներ- Տեղադրեք պիտակներ ձեր մայրական կաթի տարաների վրա՝ նշելով այն օրն ու ժամը, երբ կթել եք կաթը: Դա կօգնի հետևել, թե որքան ժամանակ է այն պահվել:
  • Պահեստավորման տարաներ– Օգտագործեք մաքուր, BPA չպարունակող պլաստիկ կամ ապակե տարաներ կամ մայրական կաթի պահեստավորման համար նախատեսված հատուկ պարկեր:
  • Մաքուր պահեստավորում– Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր անգամ ձեռքերը լվանալ, նախքան կաթը կթելը կամ դրա հետ աշխատելը, ու նաև պահեստավորման տարաները պետք է լինեն մաքուր և ախտահանված:
  • Մի սառեցրեք տաքացրած կաթը– Երբ կաթը արդեն տաքացրել եք, այն չի կարելի կրկին սառեցնել: Եթե կաթը տաքացվել է, այն պետք է օգտագործվի մինչև 2 ժամ կամ գցվի:

Կարճ ամփոփում

  • Սենյակային ջերմաստիճան–  Նոր կթած կաթ – 4 ժամ, տաքացված կաթ – 2 ժամ:
  • Սառնարան– Նոր կթած կաթ – մինչև 4 օր, սառցախցիկից սառնարան տեղափոխած կաթ – մինչև 24 ժամ:
  • Սառցախցիկ: Սառցարան – մինչև 12 ամիս, սառնարանային սառնախցիկ – մինչև 6 ամիս:

Հետևելով այս ուղեցույցներին՝ դուք կարող եք վստահ լինել, որ ձեր մայրական կաթը կմնա անվտանգ և սննդարար ձեր փոքրիկի համար, նույնիսկ եթե անհրաժեշտ է այն պահել հետագա օգտագործման համար։ Միշտ վստահեք ձեր ինտուիցիային, և եթե կասկածներ ունեք, խորհրդակցեք ձեր մանկաբույժի կամ ԿԿ մասնագետի հետ։

Leave a comment